Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան

23:55 • 28.10.20

Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ադրբեջանը երրորդ անգամ անկարող է գտնվել հարգելու իր սեփական պարտավորվածությունները: Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ: Անվտանգության սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շատ մեծ է»,- գրել է Մնացականյանը և կցել կադրեր՝ հրթիռակոծված Շուշիից ու Ստեփանակերտից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն: