Մինչ օրս 2350 սիրիացի գրոհային է տեղափոխվել Ադրբեջան՝ շփման գծում կռվելու համար. Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը նոր տվյալներ է հայտնել սպանված և Սիրիա վերադարձած վարձկանների մասին
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) շարունակում է թարմ տվյալներ հաղորդել Թուրքիայի կառավարության միջոցով Սիրիայից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին:
Ինչպես հայտնում են կենտրոնից, 300 գրոհայիններից կազմված նոր խումբ է ժամանել Ադրբեջան վերջին մի քանի օրվա ընթացքում: «Այնուամենայնիվ, Թուրքիան դեռ փորձում է գրոհայինների հավաքագրել և ուղարկել Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ, թեև նրանց մեծ մասը հրաժարվում է պայքարել ադրբեջանական ուժերի կողքին «դավանանքի տարբերության» գործոնի և բազմաթիվ մարդկային կորուստների պատճառով»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջան ժամանած գրոհայիններից ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական ուժերը շիա համայնքի ներկայացուցիչներ են: Այդ հանգամանքը ստիպում է գրոհայիններից շատերին վերադառնալ Սիրիա:
Կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինների թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը հետ են գնացել իրավիճակին ծանոթանալուց հետո: Ինչպես կենտրոնի մասնագետները նշում են, սեպտեմբերի վերջից մինչ օրս սիրիացի վարձկաններից 217-ը մահացել են մարտերում, որոնցից 138-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն:










