Թե՛ դեսպանատան, թե՛ ոստիկանության կոչն այն է, որ սադրանքների չտրվենք, դուրս չգանք փողոցներ, չպատասխանենք թուրքերին իրենց ձևով. ֆրանսաբնակ Ստելլա Դավթյանը՝ թուրքերի հարձակման մասին (տեսանյութ)
Երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած տղան՝ Գևորգը, արդեն լավ է: Պետք է տնից դուրս չգալ, զգուշանալ թուրքերի և ադրբեջանցիների հետ բախումներից՝ սադրանքներից խուսափելու համար: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ֆրանսահայ Ստելլա Դավթյանը, որն ականատես է եղել երեկ թուրքերի կողմից հայերի վրա հարձակվելու միջադեպին:
Հիշեցնենք, որ երեկ ֆրանսաբնակ հայերը փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը: Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել՝ մուրճով հարվածներ հասցրել, որի հետևանքով 10 հայ էր տուժել:
Նշենք, որ գիշերը Լիոն քաղաքում թուրքերի և ադրբեջանցիների կողմից ակցիաներ են իրականացվել, փնտրել են հայերին, սանձարձակություններ իրականացրել:
Ստելլա Դավթյանը նշեց, որ թշնամու կողմից դրսևորվող ագրեսիան տարբեր տեղերում ևս կլինի: «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, նշան էր այն բանի, որ իրենք իրենց ձեռքով փոսն ընկան: Կոչ եմ անում, որ բոլոր հայերը ռադիկալ քայլերի չդիմեն, մեր քայլերը պետք է լինեն խելացի: Թե՛ դեսպանատան, թե՛ ոստիկանության կոչն այն է, որ սադրանքների չտրվենք, դուրս չգանք փողոցներ, չպատասխանենք թուրքերին իրենց ձևով: Նրանք հիմա ամեն հնարավորություն են փնտրում, որ մեզ հետ խնդիր ունենան, պիտի թույլ չտանք, որ պատմությունը փոփոխեն ու ասեն, որ հայերն են սկսել»:
Մանրամասները՝ տեսանյութում։










