Պետք է հորդորել, որ կրեն դիմակները, սոցիալական հեռավորությունը պահեն կամ ձեռքերի մաքրությանը հետևեն, որ գոնե այդ ձևով վարակի տարածումը կանխենք․ համաճարակաբան
Այս պահին պետք է ամեն ինչ անել, որպեսզի պատշաճ ձևով բուժօգնություն ապահովենք, հիվանդանոցների հատկապես վերակենդանացման բաժանմունքներում, իսկ վարակի կանխարգելումն արդեն երկրորդ պլան է մղվում. Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի գլխավոր ախտաբան, Ախտաբանների ասոցիացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսի թվերի աճին:
«Պետք է հորդորել, որ կրեն դիմակները, սոցիալական հեռավորությունը պահեն կամ ձեռքերի մաքրությանը մաքսիմալ հետևեն, որ գոնե այդ ձևով վարակի տարածումը կանխենք, բայց պարզ է, որ համավարակն արդեն անկառավարելի է և ամեն բան պետք է արվի, որ հիվանդանոցներում կոլապսը թեթև լինի: Այս ամենը սխալ մոտեցումների արդյունք է, սխալ քաղաքականությունը բերեց այս վիճակին: Օգոստոսին, երբ թուլացվեց կարանտինը, մենք ի սկզբանե ասում էինք, որ պետք է համատարած բոլորին թեստավորում արվի, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե ժողովրդի քանի տոկոսի մոտ է իմունիտետ ձևավորված: Եթե անգամ բոլորին չէին կարողանում թեստավորել, այդ դեպքում կարող էին 45-50-ից բարձր տարիքի մարդկանց թեստավորել»,- նշեց ախտաբանը:
Դիտարկմանը, թե մասնագետները նշում են, որ կան մեծ թվով կովիդ բացասական թեստով, բայց կովիդ թոքաբորբով հիվանդներ, Արմեն Մխիթարյանը նշեց, որ նման խնդիր առկա է ամբողջ աշխարհում՝ այդ թվում Ռուսաստանում, լինում են դեպքեր, որ թեստը բացասական է ցույց տալիս, բայց հիվանդը թոքաբորբ է լինում և համակարգչային շերտագրությունը տիպիկ կովիդի պատկեր է ցույց տալիս։
«Այդ խնդրի մասին բազմիցս խոսվել է, կարևոր է նաև թե ինչ թեստեր ենք օգտագործում և արդյո՞ք այստեղի արտադրած թեստը որակի հսկողություն անցել է, պարզվե՞լ են արդյոք շեղումների տոկոսը ինչքա՞ն է, սրանք հարցեր են, որոնք, ցավոք սրտի, պատերազմական իրավիճակում մնացին անպատասխան, հուսամ, որ կգա ժամանակը և կստանանք այդ հարցերի պատասխանները»,– ասաց նա:
Արմեն Մխիթարյանի խոսքով՝ հիմա առողջապահության համակարգը իր ողջ կարողությունները պետք է ուղղի նրան, որ մաքսիմալ կարողանա սպասարկել հիվանդների այս հոսքը, և այն հիվանդները, որոնք վերակենդանացման բաժանմունքում պետք է բուժվեն, գոնե այդտեղ տեղի խնդիր չլինի։
«Հիմա բոլոր միջոցները պետք է ուղղված լինեն կոլապսը կանխարգելելու համար: Բուժօգնության ճիշտ ապահովվում, հիվանդների ճիշտ տեսակավորում, միջին ծանրության, կամ շատ ծանր հիվանդների շրջանում, հասկանանք, որ հիվանդներն են ի վիճակի տան պայմաններում բուժում ստանալ և որոնք պետք է հոսպիտալացվեն: Ասված չանի, այն իրավիճակին հասնենք, որ ստիպված լինենք հիվանդներին տեսակավորենք արդեն հիվանդանոցում, շատ ծանր պայմաններում հիվանդներին միացնենք արհեստական շնչառության, իսկ միջին ծանրությանը հիվանդներին չկարողանանք օգնել»,– ասաց նա:










