ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին․ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)
ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով՝ Սիրիայի Համմա քաղաքից:
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները:
Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










