Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ

17:42 • 30.10.20

Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հակառակորդը փորձում էր թիրախավորել Շուշին, սակայն հարվածը եղավ հարակից ձորի ուղղությամբ: Հեռվից այս պահին էլ ձայներ են լսվում: Քիչ առաջ էլ ճշտեցինք, որ այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը»,- նշեցին ԱԻՊԾ-ից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։