Իրանցի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ ԼՂ հակամարտող կողմերին թույլ չեն տա հատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը»

16:39 • 30.10.20

Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է», ինչի մասին ասել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին, գրում է Tasnim News Agency-ն։

«Մենք չենք կարող հանդուրժել իրանական սահմանին բնակիչների անվտանգությանը որևէ սպառնալիք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ բանակը ոչ մի դեպքում  որևէ մեկին թույլ չի տա հատել Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գիծը»։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրման պայմաններում իրանական տարածքները պաշտպանելու համար հյուսիս-արևմտյան սահմանային շրջաններում ցամաքային զորքեր են տեղակայվել։

Հեյդարին նաև հույս է հայտնել, որ «Երևանը և Բաքուն կհարգեն միջազգային իրավունքը, կպաշտպանեն միջազգային սահմանները և վեճերը կլուծեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։