Երբ վարակը մտնում է հիվանդանոց, կարող է լրջորեն վտանգել հենց վիրավոր զինվորականներին, որոնց համար կորոնավիրուսը կարող է նաև մահվան պատճառ դառնալ. համաճարակաբան

14:50 • 30.10.20

Առողջապահական համակարգի, բժիշկների ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, և ամեն ինչ պետք է անել՝ այդ ծանրաբեռնվածությունը արագ նվազեցնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թվերի էական աճին:

«Պատերազմական իրավիճակում բնականաբար էլ ավելի է ծանրաբեռնվում բժիշկների աշխատանքը: Երբ վարակը մտնում է հիվանդանոց, կարող է այնտեղ տարածվել և լուրջ վտանգ լինել հենց վիրավոր զինվորականների համար, որոնք, արդեն իսկ լուրջ առողջական խնդիր ունենալով, կարող են վարակվել, և բնական է՝ երբ օրգանիզմը լուրջ առողջական խնդրի պատճառով սթրեսային վիճակում է, կորոնավիրուսը երիտասարդի համար կարող է նաև մահվան պատճառ դառնալ»,-ասաց նա:

Զաքարյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործողություններն անհատական մակարդակում չեն փոխվել՝ դնել դիմալ, պահել հեռավորություն, պահպանել հիգիենայի կանոնները, աշխատանքային տարածքը մաքուր պահել, հաճախակի օդափոխել: «Անկախ նրանից՝ վիճակը բարդացել է, թե ոչ, այս կոչերի ակտուալությունը չի վերացել»,-նշեց նա՝ ընդգծելով սակայն, որ անհատական պատասխանատվության վերաբերյալ շարունակական կոչերին պետք է հետևեն նաև հստակ քայլեր:

«Բացի անհատների պատասխանատվությունից՝ համապատասխան պատկան մարմինները ևս պետք է հետևողական լինեն, որ որոշակի քայլերը, որոնք հայտարարվում են, կոչից բացի՝ լինեն նաև պարտադիր: Օրինակ՝ խանութներում հերթերը թույլատրելի չեն: Չպետք է մարդկանց կուտակումներ լինեն, ոստիկանությունը պետք է հետևի, որ մարդիկ գոնե դիմակն անընդհատ դնեն: Չկատարելու դեպքում պետք է տուգանվեն: Պետք է ախտահանել փակ տարածքները, հետևել հասարակական տրանսպորտի վիճակին, որովհետև ամենամեծ կուտակուկները կարծես հենց այդտեղ են, որտեղ մարդիկ նորից վերադարձել են հին ապրելաձևին՝ «իրար վրա կանգնելու, նստելու»»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հետևողական աշխատանք է անհրաժեշտ:

«Այս ամենի դեմ հետևողական պայքարը չպետք է միայն կոչերով լինի, պետք են ռեալ քայլեր: Ու ինչքան վիճակը բարդանա, սա ավելի ակտուալ է դառնալու: Պետությունը իր պատկան մարմիններով պետք է օգտագործի ամբողջ գործիքակազմը, որ իրավիճակը կարողանա մաքսիմալ վերահսկողության տակ պահել և նվազեցնի կորոնավիրուսի դեպքերը»,-ասաց Հովակիմ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 432-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 358 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 32 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1658-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1059 է, ընդհանուր առողջացածներինը՝ 54 316, փաստացի բուժվողներինը՝ 31 458 (մեկ օրում ավելացել է 1307-ով): Մեկ օրում արվել է 4936 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 397 596 թեստ: