Էրդողանի՝ Ֆրանսիան բոյկոտելու պահանջը իսլամական ահաբեկչության քողարկված կոչ է․ Greek City Times
Թուրքական տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ, ազգային արժույթը շարունակում է ռեկորդային անում գրանցել, և չնայած դրան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արհեստական ճգնաժամ է ստեղծել Ֆրանսիայի հետ, գրում է Greek City Times-ը։
Հոդվածագիր Փոլ Անտոնոպոլոսը նշում է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով ուսուցչի գլխատումը դատապարտելու փոխարեն Էրդողանը որոշել է իսլամական աշխարհում ապստամբություն հրահրել Ֆրանսիայի և կարծիք արտահայտելու ազատության դեմ՝ եվրոպաբնակ մահմեդականներին համեմատելով Հոլոքոստից առաջ հրեաների հետ և կոչ անելով բոյկոտել ֆրանսիական ապրանքները։
Հոդվածագրի խոսքով՝ Ֆրանսիայի հետ այս ճգնաժամը կարող է նպաստավոր լինել Էրդողանի համար, քանի որ մի ճգնաժամից մյուսը նետվելով նա շարունակում է գոյատևման իր քաղաքականությունը։
Ըստ հեղինակի՝ թուրքական տնտեսության աղետալի անկման պայմաններում Արցախում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Հունաստանում կամ Ֆրանսիայում ճգնաժամեր ստեղծելով Էրդողանը փորձում է շեղել իր բնակչության ուշադրությունը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, եվրոպացիներին «խաչակիրներ» ու «նացիստներ», իսկ Մակրոնին «գաղութարար» կոչելով՝ Էրդողանը փորձում է իսլամական աշխարհին տրամադրել Եվրոպայի դեմ։
«Էրդողանը ցանկանում է իսլամական աշխարհին ցույց տալ, որ գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում և կարող է հաղթահարել ցանկացած ճգնաժամ՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք արհեստականորեն ստեղծվել են իր իսկ կողմից:Այն փաստը, որ նա կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իրականում կարող է ավելի շատ վնաս հասցնել Թուրքիային, քան Ֆրանսիային, քանի որ Թուրքիան ավելի շատ արտահանում է, քան ներկրում, ուստի՝ Էրդողանը ռիսկային խաղ է խաղում՝ փորձելով ներքին հանրությանը ապակողմնորոշել շատ մեծ և իրական տնտեսական խնդրից», գրում է հոդվածագիրը։










