Արցախի դեմ ագրեսիան ուղղված է տարածաշրջանում Թուրքիայի համար նոր դերակատարում ապահովելու համար, որի հիմնական թիրախը Ռուսաստանն է. Հայկ Դեմոյան (տեսանյութ)

17:29 • 30.10.20

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունը կարմիր թելով կապված է Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցածի հետ: Tert.am-ի հետ զրույցում այս համոզմունքն է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Նրա պնդմամբ՝ սա տեռոր է քրիստոնյա աշխարհի դեմ: Թուրքիան Ադրբեջանի միջոցով ցանկանում է հրահրել նոր օջախ Ռուսաստանի հարավում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը պատերազմի տեսքով նրան տալիս է այդ հնարավորությունը: Հայկ Դեմոյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ նաև, որ Էրդողանն ու Ալիևը միայնակ չեն. կան զենք մատակարարող ու աջակցող երկրներ՝ Պակիստանը, Իսրայելը, Ուկրաինան, պասիվ կերպով նաև Վրաստանն է միացած կոալիցիային:

«Մենք գործ ունենք խոշոր և վտանգավոր միջանցքի հետ, որի սլաքն ուղղված է հենց Ռուսաստանի դեմ: Չեմ կարծում, որ Ռուսաստանում չեն կռահում դրա մասին։ Մոսկվան փորձում է դիտարկել՝ ինչքան խորություն կա և վտանգավորության աստիճան: ժամանակի առումով դա թանկ է նստում հայկական կողմի համար, բայց տարածաշրջանում պետք է խոսենք նոր և լուրջ տեկտոնիկ վերաբաշխումների մասին»,– ասում է նա:

Պատմաբանի վերլուծությամբ Արցախի պատերազմով բազմաթիվ երկրներ ցույց են տալիս իրենց իրական դեմքը. թե ինչ դաշինքների են հակված և որքան հեռու կարող են գնալ: Ադրբեջանի քաղաքական ռենտգենը մատնանշում է, որ Բաքուն իր բանակցային ղեկավարությունը պատերազմի ընթացքում փաստացի հանձնել է Անկարային, իր տարածքում տեղաբաշխել Թուրքիայի օդանավերը. մի երկիր, որը ՆԱՏՕ-ին է անդամակցում, իսկ այդ կառույցը չեզոք չէ՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վիճակը: Հայկ Դեմոյանը հարցադրում է անում՝ այսքանից հետո արդյո՞ք Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է շարունակել մնալ ռազմական գործընկեր:

Մանրամասները՝ տեսանյութում։