«ԼՂ հարկամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի նախաձեռնության առանձնահատկությունը տարածաշրջանային բնույթն է». Իրանի փոխարտգործնախարար
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ հնարավոր կլինի տարածաշրջանային մակարդակով կարգավորել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։
«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային բնույթ ունի, ուստի՝ այս մոտեցման և տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ կարող ենք պայքարել այս ճգնաժամի դեմ և դիմակայել դրան»,- նշել է Արաքչին:
Նշվում է, որ նախօրեին տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Արաքչին Մոսկվայում ղարաբաղյան թեմայով բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










