«Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն». Արցախում վիրավորված ռուս լրագրողը պատմել է տարած 3-րդ վիրահատության մասին և շնորհակալություն հայտնել հայ բժիշկներին

16:43 • 30.10.20

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում երրորդ վիրահատությունն է տարել։ 

Լրագրողը հայտնել է, որ այսօր առավոտյան անցկացված վիրատահատության մասնակից բժիշկների խումբը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը։ 

«Վիրահատությունը հաջող է անցել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» կենտրոնի բոլոր աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն՝ ահա այս բառերով կարելի է բնութագրել այս հրաշալի մարդկանց»,- նշել է լրագրողը։

Հիշեցնենք, որ Յուրի Կոտենոկը ևս երկու ռուս լրագրողի հետ վիրավորվել էր հոկտեմբերի 8-ին՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության ժամանակ։ ՌԴ քաղաքացիներ Լևոն Արզանովին և Հրանտ Բալայանին դեպքից անմիջապես հետո տեղափոխել էին Ռուսաստան։