Թուրք-սիրիական սահմանին` ոստիկանական մեքենայում, պայթուցիկ է աշխատել. կան զոհեր, վիրավորներ

17:54 • 24.11.20

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում պայթուցիկ է աշխատել, առնվազն հինգ մարդ մահացել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սահմանամերձ Ալ-Բաբ քաղաքը գտնվում է թուրքական բանակի և նրա վերահսկողության տակ գտնվող ապօրինի զինված ավազակային կազմավորումների վերահսկողության տակ:

«Պայթուցիկ սարքը գործի է դրվել Հալեպի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքի Բիզաա բնակավայրի ոստիկանության բաժանմունքի պետի մեքենայում: Արդյունքում զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս 20-ը վիրավորվել են» -տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի համաձայն՝ զոհվածների թվում է լեյտենանտի կոչումով ոստիկանության բաժանմունքի պետը:

Ահաբեկչական գործողությունները թուրքամետ զինյալների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսում պարբերական են դարձել: Դրանց հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվում: