Տղայիցս պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր ոչ մի տեղեկություն չունեմ, ոչ ոք ոչինչ կոնկրետ չի ասում, կարծես նման զինվոր չեն էլ ունեցել. անհետ կորածի մայր (տեսանյութ)
Մենք մեր որդու հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25-ի գիշերը, երբ երեխեքը բարձրանում էին դիրքեր: Ամեն ինչ շատ լավ էր, դրանից հետո մինչ այսօր մեծ որդուցս ոչ մի տեղեկություն չունենք: Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:
«Երկու որդիս իրենց կամքով ՌԴ-ից եկել են, գնացել ծառայության: Այնպես չէր, որ ոչ ոք չգիտեր, որ պատերազմ է լինելու, որովհետև երեխեքին զգուշացրել էին, որ հարձակում է լինելու: Փոքր տղաս լավ է, բայց մեծ տղայիցս պատերազմի հենց առաջին օրվանից մինչև այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ են ասել Կառավարությունից, ՊՆ-ից, անհետ կորածի մայրն ասաց, թե ոչ ոք ոչինչ չգիտի. «Կարծես նման զինվոր չեն ունեցել, ոչ ոք ոչինչ կոնկրետ չի ասում, ամեն տեղ դիմել ենք: Եթե մեր Կառավարությունը ոչինչ չի կարողանում անել, գոնե թող թույլ տա՝ ծնողներն ինչ-որ բան անեն: Սպասողական վիճակ է. չգիտես՝ ուր դիմես, երբ ամեն վայրկյանը, ամեն րոպեն թանկ է քո երեխեքի համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։










