«ՌԴ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում, եթե մյուս մասնակիցները խստորեն հետևեն փաստաթղթի պահանջներին». Լավրով

17:56 • 24.11.20

Ռուսաստանը պատրաստ է շարունակել գործընկերների հետ համագործակցությունը Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուց հետո, եթե մյուս մասնակիցները խստորեն պահպանեն փաստաթղթի պահանջները։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Արտգործնախարարի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն այս կարևոր փաստաթղթի շրջանակներում այն ըմբռնումով, որ մնացած մասնակիցները խստորեն կհետևեն այս փաստաթղթի պահանջներին», - ասել է Լավրովն ընդգծելով, որ խոսքն այն դրույթների մասին է, համաձայն որոնց՝ միմյանց օդային տարածքով կատարված թռիչների ընթացքում ստացված տեղեկությունները նախատեսված են միայն պայմանագրի մասնակից պետությունների համար և ստուգումների համար տրամադրվող տարածքից ոչինչ չի կարելի դուրս բերել։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, հաշվի է առնում, որ «արևմտյան գործընկերները ոչ միշտ են իրենց ջենթլմենի պես պահում», ուստի մինչ վերջնական որոշում կայացնելը կցանկանար իրավականորեն ամրապնդել պայմանագրում մնացած երկրների՝ դրա դրույթները կատարելու պարտավորությունները։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ափսոսանք է հայտնել, որ Բաց երկնքի մասին պայմանագրը որպես համաշխարհային կայունության պահպանման ևս մի գործիք «հանգչեց խաղաղությամբ ԱՄՆ-ի որոշումների պատճառով»։

«Ընդ որում՝ որոշումները կայացվում են կրկօրինակման սկզբունքով. ինչպես Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը, այնպես էլ Բաց երկնքի մասին պայմանագիրը չեղարկվել են այն պատճառաբանությամբ, որ ՌԴ-ն վաղուց ու պարբերաբար խախտում էր այս փաստաթղթերը։ Կրկին անհիմն ու փաստերից զուրկ՝ թաքցնելով այն փաստը, որ ԱՄՆ-ի խախտումների ու խախտումներ անելու կասկածների դեպքերը տասնյակներով են հաշվվում, և բոլորն այդ մասին գիտեն», - նշել է Լավրովը՝ հավելելով, որ պայմանագրի մյուս մասնակիցները, ցավոք, դեռ ամաչում են իրերն իրենց անուններով կոչել ու խուսափում են ԱՄՆ-ին քննադատելուց, սակայն շատ լավ հասկանում են, որ այս պայմանագրի կորուստը կհանգեցներ նաև անվտանգության կորստի, և առաջին հերթին՝ Եվրոպայում։

ՌԴ արտգործնախարարը նաև հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը ռազմավարական կայունության ոլորտում նոր իրավիճակի քննարկման հարցում։
«Մենք կողմ ենք նոր համաձայնագրեր փնտրելուն, սակայն դա մեզ պետք է ոչ ավելի, քան ԱՄՆ-ին կամ ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցին», - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու մասին մտադրությունը պաշտոնապես հաստատել է կիրակի՝ նոյեմբերի 22-ին։ Հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 22-ից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 21-ին հայտարարել էր Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի մտադրության մասին, պայմանագիրը մասնակից երկրներին հնարավորություն է տալիս թռիչքներ կատարել միմյանց տարածքով ՝ ռազմական գործողությունների դիտարկման համար: