Ուղղորդված մարդիկ են մոտենում մեզ գիշերվա ժամը 4-ին՝ մեր էներգիան խլելու համար, սակայն հիմնականում մարդիկ զորակցություն են հայտնում. Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացի

12:25 • 25.11.20

Ինքնազգացողությունս լավ է: Հացադուլի 48 ժամը լրացել է, այսօր երրորդ օրն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը:

Դիտարկմանը՝ շատերը հորդորում են հացադուլը դադարեցնել և կիրառել այլ գործիքակազմ, նա ասաց՝ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվելու են, սա մեկն է այդ միջոցներից: «Հիմնական ակնկալիքը եղել է այն, որ մտավորականներն ակտիվանան, լռության, իրենց պասիվ պահվածքը կվերացնեն, կմիանան այլ մարդիկ, որոնց առողջությունը կների, նույն պահանջով ակցիան ավելի հնչեղություն կստանա, և ճնշումը կմեծանա: Սպասում ենք, որ կլինի»,- նշեց նա:

Ավետիսյանը նշեց, որ երբ քաղաքացիները մոտենում են իրենց, մեծամասնությունը գալիս են զորակցություն են հայտնում: «Մեկն այսօր եկավ, ասաց՝ գնում է մոմ վառի մեզ համար եկեղեցում, կան ուղարկված, ուղղորդված մարդիկ: Գիշերը գալիս են մեզ արթնացնեն, մեր էներգիան խլեն, կան, այդպիսիններն էլ են կան: Համոզված չեմ՝ ուղղորդվածության մեջ 100 տոկոս, բայց գիշերվա 4-ին ո՞ւմ է  պետք գալ ու մեր հանգիստը խանգարել, սակայն մեծ մասն աջակցում, զորակցում են, անգամ դրսից են մեզ զորակցում»,- պատմեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի կադրային փոփոխություններին՝ Գարիկ Ավետիսյանն ասաց, որ իր կարծիքով՝ նա ժամանակ է շահում, իմիտացիա է ստեղծում՝ իբր դրական ակնկալիքներով: «Գուցե փոփոխում են, որ երկրից գնան, ամեն ինչ հավանական է, բայց դրական ակնկալիքներ չունեմ, ինքը փոփոխություններն անում է զուտ իր աթոռը պահելու համար»,- նշեց Գարիկ Ավետիսյանը: