Փաշինյանը խոստացել էր առանց ժողովրդին իրազեկելու որևէ բան չստորագրել, բայց տեղյակ չի պահել նույնիսկ նախագահին, այսինքն՝ իրեն պահել է լակոտի պես. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

02:42 • 25.11.20

Նրանք, ովքեր հիացած են իրենց հերոսիկ Նիկոլ Փաշինյանով, թող շարունակեն հիանալ, կհասնի նաև իրենց հերթը, Աստված անպատիժ չի թողնի նրանց․ տարրական մարդկային արժանապատվություն և ուղեղ չունեցող, սեփական պատվի մասին չմտածող մարդիկ այս օրերին համաձայնում են նախարար դառնալ, բայց չի կարելի աշխատել մեկի թիմում, որը տարրական հարգանք չունի նույն այդ թիմի նկատմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Շատերն առայսօր չեն ուզում հավատալ, որ այս ամենը կատարվել է։ Շատ ճնշող են ամենօրյա հուղարկավորությունները։ Գերմանացի լրագրողները դեռևս մինչև պատերազմը մեր զոհերի մասին սարսափելի թվեր էին ասում՝ մոտ 10 հազար զոհ։ Մարդիկ շոկի մեջ են, գլուխները կորցրել են, կարծում են՝ վաղը մի բան կատարվելու է, այն, ինչ երազել ենք, պիտի տեղի ունենա»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հայրիկյանի՝ սա ոչ թե զինադադար է, այլ խայտառակ կապիտուլյացիա է, որը ներկայացվում է որպես լավություն հայկական կողմին. «Պետք է ազգային ռազմավարություն ունենայինք, որ կսպասարկեր մեր դիվանագիտությունը։ Ամենաճիշտ քայլը կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը խոստովաներ՝ ես թեթևսոլիկացա, ամենուր ինձ մեջտեղ գցեցի, խնդրում եմ՝ կներեք, ես հեռանում եմ։ Պիտի ասեր՝ այս հայտարարությունը պետք է ստորագրեր Արցախի նախագահը, իսկ ես խոստացել էի առանց ձեր իմացության որևէ քայլ չանել, բայց ինձ պահեցի լակոտի պես, և դուք արժանի չեք լակոտ ղեկավար ունենալու»:

ԱԻՄ նախագահի կարծիքով՝ ունենք հայրենակիցներ, որոնք արժանի են «այդ ճիվաղին», բայց մենք ազգովի արժանի չենք նրան. «Այս փաստաթուղթը նա ներկայացնում է որպես Սահմանադրությունից էլ բարձր իրողություն։ Պառլամենտը չհավաքվեց, քանի որ ենթարկվում են դավաճանին։ Արցախը խորհրդային վերջին տարիներին վերամիավորվել էր Հայաստանի հետ, առաջին Գերագույն խորհրդում կային Արցախից ընտրված պատգամավորներ։ Գոնե ճանաչեիք Արցախը, դա էլ չարեցին»:

Պարույր Հայրիկյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնորոշումից ոչինչ չի հասկանում, երկուսուկես տարում նա տապալել է Արցախի ինքնորոշման համար պայքարը. «Բավարար ուժեր չունենալով՝ մենք կարողանում էինք դիմակայել, քանի որ մենակ չէինք, աշխարհի հետ էինք։ Քանի դեռ կար Մինսկի խմբի բարոյական, քաղաքական ներկայության զգացողությունը, ամեն ինչ կարգին էր։ Այս անշնորհքն արտամղեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա դավաճանության գագաթն է, ամեն ինչ թողեց բացառապես ռուսներին։ Նրա հանցանքի չափը մեծ է, ասում էր՝ առանց ժողովրդի ոչինչ չեմ ստորագրի, բայց նույնիսկ ԱԳ նախարարին ու երկրի նախագահին տեղյակ չի պահել»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ անվտանգության հարց լուծողը Մեղրիի մասին դրույթի տակ չէր ստորագրի, մինչդեռ նրա սպասարկուներն ասում են, թե Փաշինյանն ապահովեց մեր անվտանգությունը: «Զինադադարից հետո մոտ տասը հոգի գերեվարվել է, դա բավական էր, որ չեղյալ հայտարարվեին պայմանավորվածությունները։ Մենք գավառական մտածողության գերի դարձանք։ Սա պատերազմի սպառնալիքով պարտադրված փաստաթուղթ է, պետք է անվավեր ճանաչվի։ Նիկոլ Փաշինյանը պետք է անմիջապես հեռանա, ժամանակավոր վարչապետը պետք է կառավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները»,- ամփոփել է ԱԻՄ նախագահը:

Դավիթ Սարգսյան