«Լքե՛ք ՆԱՏՕ-ն, վայր գցեք զենքերը, ծաղիկներ հավաքեք, ժպտացեք բնությանը». ռուս պրանկերները Գրետա Թունբերգի անունից զանգահարել են Թրյուդոյին
Ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս), որոնք հեռախոսազանգերի միջոցով կատակներ են անում տարբեր քաղաքական գործիչների հետ, այս անգամ իրենց համար «թիրախ» են ընտրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ նրա համար հեռախոսզարույց կազմակերպելով, իբր, շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ, գրում է The Guardian պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ մոտ տաս րոպե տևած հեռախոսային խոսակցության ընթացքում դեռահաս ակտիվիստի անունից հանդես եկող անձը Թրյուդոյին ասել է, թե մտահոգություններ ունի «աճող միջազգային ճգնաժամի և հնարավոր համաշխարհային պատերազմի հարցերում»:
«Սա արդեն իսկ աղետի է տանում. շատ սարսափելի է»,- դեռևս հունվարին ձայնագրված հեռախոսազրույցի ժամանակ նշել է «Թունբերգը», ինչին Թրյուդոն պարզապես համաձայնել է:
«Մեծ մարդիկ եք, բայց երեխաների պես եք ձեզ պահում: Կարող ենք ստեղծել մի աշխարհ, որում բոլորի համար տեղ կա: Սևամորթների և սպիտակամորթների, քրիստոնյաների և մուսուլմանների, Թրամփի ու Պուտինի, Բորիս Ջոնսոնի, Քորբինի, Թերանսի և Ֆիլիպի (կանադական հեռուստաշոուի հերոսներ) և նաև փոքր երկրում հայտնի դեմքերի համար»,- նշել է «Թունբերգը»:
Թրյուդոն նաև խոսել է 2019 թվականին Թունբերգի՝ Մոնտրեալ կատարած այցի մասին՝ նշելով, կլիմայական փոփոխությունների տեսանկյունից այն «օգնել է որոշակիացնել» երկրի դաշնային ընտրությունների ելքը. դրան Թունբերգը ընդհատել է և հրամայել. «Լքե՛ք ՆԱՏՕ-ն, վայր գցե՛ք զենքերը, ծաղիկներ հավաքե՛ք, ժպտացե՛ք բնությանը»:
Դիվանագետ Թրյուդոն էլ առանց հապաղելու պատասխանել է. «Ես նունպես երազում եմ մի աշխարհի մասին, որում զինվորներ պետք չեն, բայց մենք դեռ, ցավոք, չենք ապրում նման երկրում»:
Կեղծ Թունբերգը նաև Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին մեղադրել է արքայազն Հարիին «մանիպուլացնելու» համար, այնուհետև խնդրել է Թրյուդոյին իրեն ծանոթացնել «Հարավային այգի» մուլտիֆիլմի հերոսների հետ, ինչից հետո Թրյուդոն կախել է հեռախոսը:










