«Մենք չենք ճանաչում ձեր սահմանը». ԱՄՆ-ն պատասխանել է ՌԴ-ի՝ ամերիկյան նավը ռուսական ջրերից դուրսբերմանը
Ամերիկյան 7-րդ նավատորմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Ռուսաստանի ծովային սահմանները Վլադիվոստոկ քաղաքի մերձակայքում գտնվող Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում, այն բանից հետո, երբ երեկ` նոյեմբերի 24-ին, ամերիկյան ականակիրը խախտել էր այդ սահմանները: Այս մասին գրում է almasdarnews.com կայքը:
Սա եղել է ամերիկյան կողմի պատասխանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանն առ այն, որ «Ծովակալ Վինոգրադով» նավը թույլ չի տվել ամերիկյան «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակրին խախտել Ռուսաստանի ծովային սահմանները:
Ամերիկյան 7-րդ նավատորմի հրամանատարության հայտարարության մեջ ասված է, որ «Ջոն Մաքքեյն» ականակիրը գործողություն էր իրականացնում՝ ապահովելու նավարկության ազատությունը Պետրոս Մեծ ծովածոցում:
«Նավարկության ազատությունն ապահովելու համար այս գործընթացն իրականացնելով ՝ Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ դրանք Ռուսաստանի տարածքային ջրերը չեն, և որ ԱՄՆ-ն համաձայն չէ Ռուսաստանի այն հայտարարության հետ, որ Պետրոս Մեծ ծոցը պատմական ծոց է հանդիսանում»,-ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ փաստաթուղթը, որի համաձայն ծոցը համարվում է Ռուսաստանի տարածքային ջրերի մի մասը, ստեղծվել է 1984 թվականին` խորհրդային իշխանությունների կողմից:
Հաղորդվում է, որ ԱՄՆ յոթերորդ նավատորմի պատասխանատվության գոտին ներառում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսի արևելքը:










