Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությանն առաջիկա ամիսներին կարող են միանալ նաև այլ երկրներ. Պոմպեո

06:29 • 25.11.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ենթադրում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությանն առաջիկա ամիսներին կարող են միանալ նաև այլ երկրներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ Պոմպեոն նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի եթերում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք հնարավոր են նման պայմանավորվածություններ մինչև գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը: 

«Այո: Ես ակնկալում եմ, որ կարգավորումը կշարունակվի»,- պատասխանել է նա: Ինչպես պարզաբանել է Պոմպեոն՝ «դժվար է ասել», թե արդյոք համապատասխան հայտարարություններ կլինեն «30, 60 օրվա թե կես տարվա ընթացքում»: 

 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ մասնակից բոլոր կողմերին շահեկան են հրեական պետության հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման մասին այսպես կոչված Աբրահամյան համաձայնությունները: Նա վստահություն է հայտնել նրանում, որ «ավելի ու ավելի շատ երկրներ ճիշտ ընտրություն կկատարեն»: