Նիկոլ Փաշինյանն ապրում է երկրի հակառակ կողմում, հակառակ իրականության մեջ. Նարինե Դիլբարյան

17:30 • 27.11.20

Տպավորւթյուն է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես ապրում է երկրի հակառակ կողմում, հակառակ իրականության մեջ. Համառորեն չի տեսնում ստեղծված իրավիճակը, իր հանդեպ վերաբերմունքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը տեսնում է ժողովրդի վստահությունը և շնորհակալություն է հայտնում այդ վստահության համար:

«Կարծիքի հիմքում երևի այն է, որ հույժ մեծաթիվ մարդկանց հրապարակում չենք տեսնում, բայց շփումները ցույց են տալիս, որ մարդկանց համոզումը այն է, որ իշխանությունը պետք է հեռանար կամովի և ոչ թե փողոցով կամ հրապարակով: Հասարակության ինստիտուցիոնալ, հիմնական շերտերը հրաժարականի համար իրենց ձայնը բարձրացրել են և՛ ԵՊՀ-ի, և՛ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական խորհուրդը, այլ կառույցներ, ինչես նաև քաղաքական կուսակցություններ: Քաղաքական ճգնաժամը, հրաժարականի պահանջը ակներև է»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ մարդիկ հույս ունեին, որ ձախողված, պարտված, բանակցությունները մեզ համար առավելագույն վտանգավոր ձևով ավարտած իշխանությունը կհեռանան:

Նարինե Դիբարյանը կարծում  է՝ հանրությունը կգտնի  սահմանադրական ուղիներ, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք, գաղափարաբանական փոփոխություններ ևս լինեն:

«Խնդիրը միայն անձը չէ, այլ նրա բերած գաղափարախոսությունը: Այն ամենը, ինչ 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր՝ որպես պետության գաղափարաբանություն, լիովին հերքվեց: Հենց այն տեսակետը, թե Ադրբեջանի, ՀՀ-ի ու Արցախի ժողովուրդը խաղաղություն են ուզում, և պիտի գնանք խաղաղության ճանպարհով , կամ Աննա Հակոբյանն էլ թեյախմության էր հրավիրում Մեհրիբան Ալիևային, բացարձակ չդիմացան ժամանակի քննությանը: Պարզվեց Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն չէր ուզում. ուզում էր հաղթական պատերազմ: Այն ընթացքում մինչ խոսում էինք հարևանների հետ խաղաղ ապրելու մասին, չէր կատարվում մարտավարական և ռազմավարական դաշնակիցների որոնումներ, չէինք պատրաստվում պատերազմի, փաստորեն մեր ոսոխը պատրաստվեց…»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի  մոտեցումները, գաղափարախոսությունը իրականում ոչ մի աղերս չունեին տարածաշրջանի զարգացումների, ռիսկերի հետ: