Այս պահին որևէ վտանգ չկա, որ ադրբեջանցիները կարող են առաջ գալ, Սոթք գյուղում որևէ խնդիր առաջանա, բայց միշտ էլ զգուշությունը պետք է. Հակոբ Ավետյան (տեսանյութ)

13:24 • 27.11.20

Այս պահին որևէ վտանգ չկա, որ ադրբեջանցիները կարող են առաջ գալ, Սոթք գյուղում որևէ խնդիր առաջանա: Համենայնդեպս, հիմա այդ վիճակն է, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, չեմ կարող ասել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղամասարի խոշորացված համայնքի (խոշորացված համայնքի մեջ է մտնում նաև Սոթք համայնքը) ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Ամեն դեպքում, մեր բախն այդքան էլ չի բերել, որ մեր հակառակորդը բարոյական չէ, ամեն ինչ էլ տեսել ենք և միշտ էլ զգուշությունը պետք է: Երեկ ընդամենը սահմանների ճշտումներ էին: Պարզ է, այդ տարածքն անցնում է Ադրբեջանին, դիրքավորվում են և հակառակ կողմը: Իրենց ներկայությունն ընդամենը կապված է եղել դրա հետ: Ուղղակի շատ մեծ խուճապ առաջացավ ժողովրդի շրջանում, որ ադրբեջանցիները մտել են, գրավում են, հեսա հասնում են գյուղ: Այդպիսի խնդիր չի եղել: Իրականում չկար, որ իրենք գան, գյուղի մեջ ուզեն մտնեն, կամ որևէ դիվերսիա կամ հարձակում»,- նշեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում, որի արդյունքում պարզ կլինի հանքի հետագա ճակատագիրը: Սոթքի ոսկու հանքը մոտ 1700 աշխատակից ունի և դրա չաշխատելու պարագայում տարածաշրջանի բնակիչները սոցիալական խնդիրներ կունենան:

«Կարող է հանքն ամբողջությամբ մնա մեզ մոտ: Չգիտեմ, դա բանակցությունների արդյունքում պարզ կլինի: Երեկ իրենց պահվածքում ոչ մի ագրեսիվություն չի եղել: Ճիշտ է, ես դրանով չեմ ասում, որ իրենք շատ բարի մարդիկ են, ինչ-որ բարի գործ են ուզում անել, բայց ընդամենը երեկվա կարգավիճակը եղել է շատ նորմալ: Իրենք եկել էին և սպասում էին, որ այնտեղ արդեն բանակցությունների արդյունքում ինչ պետք է լինի: Ու իրենք պատրաստ էին հետ քաշվել իրենց դիրքերում կանգնել, որտեղ պետք է: Մեր կողմը պասիվ չէ այդ հարցում: Բանակցություններն ընթանում են պետական մակարդակով, ոչ թե մի խումբ մարդկանցով: Այս պահին խաղաղ վիճակ է: Երկու կողմերն էլ սպասողական վիճակում են»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: