Ես տեսնում եմ ժողովրդի վստահությունն ու ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:43 • 27.11.20

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում նշել է, որ տեսնում է ժողովրդի վստահությունը, նա շնորհակալություն է հայտնել այդ վստահության համար, շնորհակալություն է հայտնել նաև իրավապահ համակարգին՝ այս օրերին կատարած աշխատանքի համար։

Փաշինյանն անդրադարձել է երեկ Գեղարքունիքի մարզում՝ մասնավորապես Սոթքի հանքի տարածքում ադրբեջանցիների գործողությունների մասին տարածված լուրերին։

«Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եւ ուզում եմ նաեւ իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է»,-ասել է նա:

Փաշինյանը հայտարարել է, թե գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանելու համար:

«Եւ, իմիջիայլոց, քաոսի տեսլականը տարածվում է նաեւ այս նպատակով, որպեսզի կառավարությունը հնարավորություն չունենա առավելագույն ջանքեր կենտրոնացնել բազմաթիվ օրախնդիր հարցեր լուծելու համար, եւ այս ամենով նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության եւ ժողովրդի միջեւ, որը մինչեւ օրս, ի դեպ, նրանց չի հաջողվել անել:

Ժողովուրդը, այո, հարցեր ունի, ժողովուրդը, այո, երբեմն դառնացած է եւ զայրացած, երբեմն հիասթափված ու երբեմն հուսալքված. բայց այդ ամենի միջից ես տեսնում եմ ժողովրդի վստահությունը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ վստահության համար»,-ասել է նա: