Մակրոնը, ցնցվելով սևամորթ տղամարդու դաժան ծեծի տեսանյութից, պահանջել է պատժել մեղավոր ոստիկաններին. Europe 1

12:58 • 27.11.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներքին գործերի նախարար Ժերալդ Դերմանենից պահանջել է հետաքննել սևամորթ տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու միջադեպն ու պատժել մեղավորներին։ Այս մասին հաղորդում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռադիոկայանի տվյալներով՝ Մակրոնը ցնցված էր տեսանյութով, որում ոստիկանները դաժանաբար բերման են ենթարկում սևամորթ երաժշտական պրոդյուսերին իր իսկ ստուդիայում։ Այն դիտելուց հետո նախագահն անմիջապես զանգահարել է Դերմանենին, որից հետո նաև անձամբ հանդիպել է նրա հետ։

«Նախագահը մեծ ցանկություն է հայտնել կարգավորել այս իրավիճակն ու պատժել դրանում ներգրավված ոստիկանության աշխատակիցներին», - ընդգծում է Europe 1-ը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունն արդեն հետաքննություն է սկսել Փարիզի սևամորթ բնակչին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Նրա խոսքով՝ ինքն արդեն խնդրել է հեռացնել ծառայությունից այս միջադեպի հետ կապ ունեցող ոստիկաններին: Ենթադրվում է, որ ձեռնարկված միջոցների մասին Դերմանենը կպատմի ուրբաթ երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։ Սևամորթ տղամարդն առանց դիմակի զբոսնելիս է եղել այն թաղամասում, որտեղ իր ստուդիան է։ Տեսնելով ոստիկանական մեքենան նա փորձել է թաքնվել իրավապահներից ստուդիայում, որպեսզի խուսափի առանց դիմակի դուրս գալու համար սահմանված տուգանքից, սակայն ոստիկանները հետևել են նրան և բերման են ենթարկել։

Տուժածի խոսքով՝ նրանք ներխուժել են ստուդիա և սկսել են ծեծել իրեն ու ռասսայական պատկանելությունը վիրավորող հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպը տեսանկարահանվել է և հայտնվել համացանցում, որից հետո տուժածը բողոք է ներկայացրել ոստիկանական գործողությունների դեմ։