Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ՀՀ ներքաղաքական վիճակի մասին (տեսանյութ)
Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում, այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այն ոճը, թե անսխալական է, և ոչ մի քննադատություն չի ընդունում: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» կողմից ռազմական դրության չեղարկման նախագծին դեմ քվեարկելուն:
«Շատ ելույթներ եղան, բայց ինձ զայրացրեց մի ելույթ, երբ պատգամավորն ասաց՝ բա Ադրբեջանում ռազմական դրությունը վերացվե՞լ է, որ Հայաստանում վերացնենք: Չհասկացա՞նք, դա ի՞նչ համեմատություն է, Հայաստանի այսօրվա վիճակը համեմատել Ադրբեջանի հե՞տ, Ադրբեջանը, ցավոք սրտի, դժբախտաբար, հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի: Այս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները, դրա համար էլ չեն պատկերացնում ոչինչ և ցույցով դեմ են քվեարկում»,- ասաց Պետրոսյանը և ընդգծեց, որ ռազմական դրությունը երկարացնելու միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության ժամանակի երկարաձգումն է:
Պատգամավորի խոսքով՝ հիմա անիշխանություն է ՀՀ-ում. «Կառավարությունը մատնված է անգործության, Ազգային ժողովը գործում է պատվերով, անիշխանությունն էլ հո պոզով պոչով չի՞ լինում: Հիմա մարդիկ գիտե՞ք ինչ վիճակում են, ես մարդկանց հետ շատ եմ շփվում: Ասում են՝ երբ այս դրությունն ավարտվեց, կարողացանք դուրս գալ, գնալու ենք անորոշ ուղղությամբ, այսինքն՝ բախտի քմահաճույքին եք հանձնել մարդկանց: Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մարդիկ այն ժամանակ գնալուց կոնկրետ ուղղությամբ էին գնալու, հիմա ասում են՝ ընդամենը Հայաստանից դուրս գանք, թե որտեղ, էական չէ: Բա կարելի՞ է էս ժողովրդին բախտի քմահաճույքին թողնել: Բա էս ժողովուրդն իրեն վստահեց ինչի՞ համար, որ էսօր ասի՝ մենակ Հայաստանում չլինեմ, ուր ուզում ա գնա՞մ»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։










