Դարպասները դնելիս՝ մարդիկ մտածում էին, որ Հայաստանն այդտեղից է սկսվելու, բայց երեկ ժողովուրդն անակնկալի եկավ. GPS-ով ոնց ուզում, այդպես էլ գծում են սահմանը. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
Երկու օր առաջ, երբ Ճանապարհի վրա դարպասներ էին դնում, մարդիկ մտածում էին, որ Հայաստանն այդտեղից է սկսվելու, բայց երեկ ժողովուրդն անակնկալի եկավ: Գյուղից շատ աշխատողներ կան հանքում, զանգում էին, տարբեր տեղեկություններ էին տալիս, անորոշություն էր, հիմա էլ սպասում ենք, թե ինչ կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից մեկը:
«Մեր գյուղն է, ես տեղ չեմ գնալու: Բայց անակնկալի եկանք, որ այն, ինչ մերն էր, էլ մերը չէ: Հիմա կես կատակ, կես լուրջ ասում ենք՝ կարող է սահմանը մեր գյուղի միջով անցնի, որովհետև GPS-ով ոնց ուզում, այդպես էլ գծում են»,- ասաց նա:
Բնակչի խոսքով՝ այս առումով արդեն խոսքեր չկան ասելու, որովհետև երբ մարդիկ հստակ գիտեին՝ սահմանը սկսվում է դարպասներից, հիմա պարզվում է՝ դարպասն այդտեղ չպետք է լիներ, ավելի վերև պետք է լիներ, իսկ հիմա հանքի հանձնելուց հետո, մարդիկ փորձելու են ապրելու այլ տարբերակներ գտնել:
«Մեր գյուղը, սահմանները շենացնելու, ամրապնդելու պատասխանատվությունը մեզ վրա պետք է վերցնենք: Մենք գիտեինք, թե հանքը որտեղից է սկսվում, գիտեինք, որ հանքի մի մասը մնալու է Քարվաճառի տարածքում, որը հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է, բայց մինչև վերջ ուզում էինք հավատալ, որ կունենանք դիվանագիտություն, ղեկավարություն, որն էս խնդրով կզբաղվեր, որովհետև հանքն այս տարածաշրջանի գոյատևման աղբյուրներից էր»,- նշեց նա։
Սոթքի բնակիչը հավելեց, որ գյուղից շատերն էին հանքում աշխատում, արտագաղթը զրոյական էր, նույնիսկ ներգաղթ կար, իսկ հիմա, ինչպես ողջ Հայաստանում, այդպես էլ Սոթքում մարդիկ իրենց անվտանգ չեն զգում։










