Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում, սահմանազատումը պետք է արվի ոչ միայն ռուսների, այլև Ադրբեջանի մասնակցությամբ․ Նիկոլ Փաշինյան
Այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար, որովհետեւ ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատը:
Այս մասին այսօրվա ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձել է այդ կետին հասնելու պատճառներին ու հանգամանքներին՝ խոստանալով, որ այդ հարցերը անպայման պիտի պատասխան ստանան։
«Այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր մենք ունենք հրատապ հարցեր, իսկ այդ հարցերից կարեւորագույնը Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է»,-ասել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատափետելը իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո՝ ի՞նչ սցենար են նկարագրում դրանից հետո, եւ ի՞նչ հետեւանքների կբերի այդ սցենարը:
«Շարունակելով միտքս՝ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:
Եւ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է եւ ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն եւ քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետեւ սովոր են արյունով իշխանության գալ եւ արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: Եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, եւ նաեւ իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: Եւ ուզում եմ նաեւ իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է»,-ասել է Փաշինյանը:










