Պոմպեոն պատմել է՝ որն է համարում իր պաշտոնավարման ընթացքում ամենահիշարժան պահը (լուսանկարներ)

10:53 • 27.11.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր պաշտոնավարման ընթացքում ամենահիշարժան պահն է համարում 2018 թվականին ԿԺԴՀ-ում բանտարկված Միացյալ Նահանգների երեք քաղաքացու վերադարձը հայրենիք։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

Լրագրողի հարցին, թե պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում որ միջադեպն է առավել հիշարժան եղել, Պոմպեոն պատասխանել է, որ առայժ չի մտածել այդ մասին, սակայն կարծում է, որ դա կարող է լինել վերադարձը Փհենյանից՝ այնտեղ բանտարկված ամերիկացիների հետ։

«Կարծում եմ՝ եթե ստիպված լինեի արագ պատասխանել, ապա դա կլիներ վերադարձը Փհենյանից երեք ամեիկացու հետ, Ասիայից նրանց հետ տուն վերադառնալն ու վերամիավորումն ընտանիքների հետ», - պատասխանել է Պոմպեոն՝ հավելելով, որ նրանց կյանքը վտանգված էր, սակայն այդ առավոտյան իրենց հաջողվել է տուն վերադարձնել ԱՄՆ-ի քաղաքացիներին, և դա տեղի է ունեցել պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո։

Խոսքը կորեական ծագման երեք ամերիկացու մասին է, որոնք Փհենյանում ձերբակալվել էին ու մեղադրվել լրտեսություն և թշնամական գործողություններ անելու համար։ 2018 թվականի մայիսին Պոմպեոյին հաջողվեց նրանց ազատ արձակել և հայրենիք վերադարձնել։ Այն ժամանակ այդ իրադարձությունն ուղիղ եթերով լուսաբանում էին ամերիկյան կենտոնական բոլոր հեռուստաալիքները, իսկ հայրենիք վերադարձած ամերիկացիներին ԱՄՆ Օդուժի Էնդրյուս ավիաբազայում դիմավորում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը։

Հարցազրույցի ընթացքում Պոմպեոն նաև նշել է, որ առայժմ չի որոշել, թե ինչով է զբաղվելու պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո։