«Միանգամից Թուրքիայի սեփականության վկայականն էլ փոխանցեք Կատարին և վերջ». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քննադատել է Կատարի հետ կնքված համաձայնագիրը
Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիք Օզթրաքը քննադատել է Ստամբուլի ֆոնդային բորսայի 10 տոկոս բաժնեմասի վաճառքը Կատարին՝ խորհուրդ տալով այդ երկրին փոխանցել նաև «Թուրքիայի սեփականության վկայականը»։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazete Duvar լրատվական կայքը, Օզթրաքը իր քննադատական արձագանքը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Սաքարյայի Տանկի թրթուրային գործարանը տվեցին, չհերիքեց։ Ստամբուլի ջրանցքի տարածքները ուղղակի նվիրեցին, էլի չհերիքեց։ Կատարցի հրատարակչին 300 միլիոն լիրա վճարեցին, չհերիքեց։ Հիմա էլ բորսայի 10 տոկոսն են Կատարին տալիս։ Դե եթե այդպես է, միանգամից Թուրքիայի սեփականության վկայականն էլ փոխանցեք Կատարին և վերջ»,- գրել է Օզթրաքը։
Նոյեմբերի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կատարի Պետության էմիր Շեյխ Թեմիմ բին Համադ Ալ Սանիի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական հանձնաժողովի 6-րդ նիստից անմիջապես հետո երկու երկրների միջև ստորագրվել են տասը նոր համաձայնագիր։ Համաձայնագրերը վերաբերում են տնտեսական, արդյունաբերական, միջազգային առևտրի, ազատ գոտիների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներին։










