Մոնթեն մեզ շանս տվեց, որ Արցախն ու հանքը մերը լինի, հիմա էդ շանսը վերցրին մեր ձեռքից․ Սոթքի բնակիչները՝ հանքի մասին (տեսանյութ)

12:51 • 27.11.20

Գյուղացիներն ինչով, որ զբաղվել են, այլևս չեն զբաղվելու, այնտեղ է մեր խոտգարքը, մեր արոտը, հիմա ո՛չ խոտհարք ունենք, ո՛չ արոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սոթք գյուղի 51-ամյա մի բնակիչ՝ ներկայացնելով գյուղում ստեղծված իրավիճակը վերջին դեպքերի վերաբերյալ:

«Թողելու ենք էլի, անասնապահությունն էլ ենք թողնելու, ամեն ինչն էլ պիտի թողնենք, ուրեմն, այստեղ մնալու պատճառ չկա, իմաստ չկա: Հիմա ես գնամ այնտեղ անասուն պահե՞մ՝ թուրքը գլխիս վերևը կանգնած, ո՞նց պահեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոտքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին։ 

Բնակչի խոսքով՝ հաստատ չէ՝ նրանց անվտանգությունը կհսկվի՞, թե ոչ, ռուս խաղաղապահներ էլ, հավանաբար, չեն լինի: «Դեռ ոչինչ չեմ պլանավորել, հետոն կերևա: Թուրքից չեմ վախենում, թուրքից վախենալը նշանակում է քեզ չհարգել, արմատներով Շահումյանից եմ, անցել եմ այդ ամենի միջով»,– ասաց նա:

Պատերազմի ժամանակ, ըստ գյուղացու՝ որևէ խուճապ չի եղել, որևէ մեկը գյուղից չի գնացել, բայց հիմա չի կարող ասել, թե հետագան ինչ կլինի, բայց մտածում է, որ շատերը գնալու են: «Սովետի ժամանակ գծած քարտեզով են անում էլի: Մոնթեն մեզ շանս տվեց, որ Արցախը մերը լինի, հանքը մերը լինի, հիմա այդ շանսը վերցնում են մեր ձեռքից. 3 կմ այն կողմ թուրքն է»: