Թուրքիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշի հակառեկորդ է գրանցվել

17:43 • 27.11.20

Թուրքիայում Covid-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացության օրական մակարդակը չորրորդ օրն անընդմեջ «ռեկորդային» ցուցանիշ է գրանցում: Ինչպես փոխանցում է Reuters-ը, նախորդ օրը երկրում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 174 մարդ։

Թուրքիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցվել է նաև վարակվածների թվի ռեկորդային աճ։ Մեկ օրում Covid-19-ի ախտորոշման 29 132 նոր դեպք է գրանցվել, որոնց թվում են նաև ասիմպտոմ դեպքերը, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում։

Նոր տվյալների համաձայն՝ Թուրքիայում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 474 606-ի։ Ընդհանուր առմամբ՝ համավարակի ընթացում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 014 մարդ։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 61 473 082 դեպք, որից 1 440 849-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 42 534 081 մարդ։