Միանում ենք ոչ միայն Գեղամ Մանուկյանի, այլև Կիմ Բալայանի պահանջին, քանի որ Փաշինյանի հրաժարականը մի պահանջ է, քրեական գործեր հարուցելն ու պատասխանատվության ենթարկելը՝ երկրորդ. Լիլիթ Թումանյան
Մենք միանում ենք ոչ միայն Գեղամ Մանուկյանի, այլև Կիմ Բալայանի պահանջին, քանի որ հրաժարականը մի պահանջ է, քրեական գործեր հարուցելն ու պատասխանատվության ենթարկելը երկրորդ պահանջն է: Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը:
Հիշեցնենք, մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ, ներկայացուցիչներ այցելել էին Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ իրականացնող քաղաքացիներին, որոնցից մեկը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն է:
«Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ ապագա, հոգեբանական առողջ կերպար, պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում՝ մենք ընդմիշտ կմնանք մշտական կասկածների, ասեկոսեների ու միֆերի տակ, ինչպես դա արդեն բազմիցս եղել է»,-ասաց նա՝ նշելով, թե դա չի կարելի ևս մեկ անգամ թույլ տալ:
«Մենք բոլորս պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, լինի բաց դատաքննություն, և մենք բոլորս լսենք և՛ հարցերը, և՛ պատասխանները, հակառակ դեպքում՝ մենք առողջացման շանսեր չենք ունենա»,-ասաց Թումանյանը:










