ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակման և հիվանդությունից մահացության նոր ռեկորդային ցուցանիշների գրանցման մասին

23:39 • 28.11.20

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 61,29 մլն-ը՝ վերջին մեկ օրում ավելանալով 747 082 հազարով:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները, այդ ցուցանիշը մեկ օրում հիվանդացության նոր առավելագույն աճ է իրենից ներկայացնում:

ԱՀԿ-ից հայտնում են, որ վիրուսից մահացության տվյալը մոտենում է 1,44 մլն-ի. 24 ժամում այս տվյալը մեծացել է 13 296-ով, ինչը նույնպես հակառեկորդ է:

Հիվանդացության ցուցանիշի նախորդ հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 14-ին (668 953), իսկ մահացության ցուցանիշը՝ ապրիլի 17-ին (12 432): ԱՀԿ-ի վիճակագրությունը հիմնվում է միայն պետություններից ստացվող պաշտոնական տվյալների վրա:

Վերջին մեկ օրում արձանագրված վարակման տվյալների 54 տոկոսից ավելին բաժին է ընկել Հյուսիսային և Հարավային Ամերիկային (405 399), երկրորդ տեղում է եվրոպական տարածաշրջանը (236 050), երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (53 082):