ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել

02:55 • 28.11.20

ՄԱԿ-ը ուրբաթ իրանցի ֆիզիկոս, գիտնական Մոհզեն Ֆահրիզադեի սպանությունից հետո մերձավորարևելյան տարածաշրջանում զսպվածության կոչ է արել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խակի հայտարարությունը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել հաղորդագրություններն այն մասին, որ միջուկային գիտնականն այսօր Թեհրանից քիչ հեռու սպանվել է: Մենք զսպվածության և տարածաշրջանում լարվածության սրմանը հանգեցնող ցանկացած գործողությունից խուսափելու անհրաժեշտության կոչ ենք անում»,- հայտնել է Խակը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն զոհվել է իր մեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով:

Գործակալության տվյալներով՝ երբ մեքենան, որում գտնվում էր Ֆահրիզադեն, անցել է Թեհրանի նահանգի Աբսարդ բնակավայրի հրապարակներից մեկի վրայով, նրա կողքին պայթել է Nissan մակնիշի մեքենան, ինչից հետո հրաձգություն է սկսվել: Հրաձգության ընթացքում գիտնականի թիկնապահներից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել։

Fars գործակալության տվյալներով՝  Ֆահրիզադեն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ֆահրիզադեն Իրանի ամենահայտնի միջուկային գիտնականն է։ Արևմտյան աղբյուրները բազմիցս նշել են Իրանի միջուկային ծրագրում նրա կարևոր դերակատարումը՝ նրան անվանելով չափազանց հզոր և ազդեցիկ մարդ։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։