Սոցիոլոգները պարզել են ռուսաստանցիների կարծիքն արցախյան հակամարտության վերաբերյալ

11:25 • 28.11.20

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91%) գիտի կամ ինչ-որ բան է լսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին,  նրանցից  69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ:

Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցհարցման տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ԼՂ հակամարտության մասին իմացող կամ ինչ-որ բան լսած մարդկանց 48%-ը պատասխանել է, որ տեղյակ է արցախյան վերջին պատերազմի՝ վերջերս հայտարարված ավարտի մասին, նրանց 32%-ը ինչ-որ բան է լսել այդ մասին, 12%-ն այդ մասին լսում է առաջին անգամ:

Հակամարտությունից տեղյակ հարցված անձանցից 58%-ը կարծում է, որ կողմերից ոչ մեկին չի կարելի հաղթող համարել, 14% -ը հաղթող է համարում Ադրբեջանին, 1%-ը` Հայաստանին: 19%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Ինչ  վերաբերում է խաղաղապահներին, ապա հարցվածների 57%-ը դրական է գնահատել նրանց տեղակայումը ԼՂ-ում, իսկ 25%-ը՝ բացասական: Եվս 1%-ն ասել է, որ անտարբեր է այդ հարցին:

Համառուսական հեռախոսային սոցհարցումն անցկացվել է նոյեմբերի 20–22-ը. ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է հազար մարդ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։