«Իրանը խելացի է և սպանության պատասխանը կտա ճիշտ ժամանակին». Ռոհանին` երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մասին

17:02 • 28.11.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն անպատասխան չի մնա՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ «Թեհրանը, այնուամենայնիվ, չի հայտնվի սիոնիստական ռեժիմի լարած թակարդում»:

Ինչպես նշում է Tasnim News-ը, նախագահը շեշտել է, որ «ֆիզիկոսի սպանության պատասխանը կտրվի ճիշտ ժամանակին»:

«Իրանը խելացի է և չի պատրաստվում հայտնվել սիոնիստների ծրագրերի թակարդում: Իրանը տեղյակ է թշնամու մտադրություններին և  նրան թույլ չի տա հասնել իր նպատակին»,-ասել է Ռոհանին:

Աղբյուրը հավելում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով աղմկահարույց սպանությանը, կոչ է արել հստակ պատժել սպանության պատվիրատուներին և իրագործողներին:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է Ֆահրիզադեին սպանելու համար և ասել, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: