Ֆրանսիայով մեկ տեղի ունեցող բողոքի ցույցերին ավելի քան 130 000 մարդ է մասնակցել. անկարգությունների ժամանակ տուժել է 37 ոստիկան
Շաբաթ Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, ընդհանուր առմամբ, ողջ օրվա ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել 70 ֆրանսիական քաղաքներ՝ ընդդեմ «Գլոբալ անվտանգության մասին» օրենքի 24-րդ հոդվածի, որը երկրի Ազգային ժողովն ընդունել է այս շաբաթ:
Օրենքի 24-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ոստիկանի կամ ժանդարմի «դեմքի պատկերի կամ նույնականացման այլ տարրի՝ ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով տարածման համար»: Այս կանոնի խախտման համար սպառնում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Օրվա երկրորդ կեսին Փարիզում խաղաղ երթի տեսքով մեկնարկած ցույցը կարճ ժամանակ անց վերածվել է անկարգությունների: Իրավապահ մարմինների հետ բախումների ժամանակ ձերբակալվել է 46 ցուցարար:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ երկրի տարբեր հատվածներում բախումների ժամանակ տուժել է իրավապահ մարմինների առնվազն 37 ներկայացուցիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում զանգվածային ցույցի մասնակիցների թիվը հասել է 46 հազարի, Լիոնում՝ 7.5 հազարի, Բորդոյում՝ 6 հազարի, Ստրասբուրգում՝ 1.5 հազարի:










