«Ոճրագործների պատիժն ու դաժան վրեժխնդրությունն արդեն օրակարգում են». իրանցի բարձրաստիճան գեներալն արձագանքել է երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությանը

11:08 • 28.11.20

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ հայտարարելով, որ «մեծ հանցանքի կազմակերպիչները, անկասկած, խստագույնս պատժվելու են», գրում է en.irna.ir-ը:

«Նման հանցագործությունները չեն վնասի իրանցիների՝ իրենց փառահեղ և պատվավոր ուղին շարունակելու վճռականությանը, իսկ ոճրագործների պատիժն ու դաժան վրեժխնդրությունն արդեն օրակարգում են»,-ասել է բարձրաստիճան զինվորականը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը:

«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։