Թրամփը Twitter-ում կիսվել է իսրայելցի լրագրողի գրառմամբ առ այն, որ միջուկային գիտնականի սպանությունը «մեծ հարված էր Իրանի համար»

13:30 • 28.11.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կիսվել է իսրայելցի լրագրող, «Մոսսադ» հետախուզական ծառայությանը վերաբերող հարցով փորձագետ  Յոսի Մելմանի գրառմամբ առ այն, որ իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը շատ մեծ հոգեբանական և պրոֆեսիոնալ հարված է Իրանի համար:

«Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է Դամավանդում՝ Թեհրանից դեպի արևելք: Նա Իրանի գաղտնի ռազմական ծրագրի ղեկավարն էր և տարիներ շարունակ հետախուզվում էր «Մոսսադ»-ի կողմից: Նրա մահը շատ մեծ հոգեբանական և պրոֆեսիոնալ հարված է Իրանի համար»,-գրել է Մելմանը:

Al Arabiya-ն նկատում է, որ ով էլ պատասխանատու լինի այս հարձակման համար, ակնհայտ է, որ դեպքը ավելացնի ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթներին:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։