Այսօր երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա, և մենք ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ դա անել. Արտակ Հերիքյան (տեսանյութ)

13:59 • 30.11.20

Այսօր երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա, և մենք ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ դա անել, և այս երթով փորձում եմ իմ ձայնը հասցնել մարդկանց: Այս մասին մտավորականների՝ գերիների և անհետ կորածների խնդիրը միջազգային կառույցների մոտ բարձրաձայնելու հարցով երթի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5-րդ ալիք»-ի լրատվական ծառայության պրոդյուսեր Արտակ Հերիքյանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ հնարավո՞ր է առանց իշխանությունների այս հարցին լուծում տալ, քանի որ դիտարկումներ կան, որ եթե խոսքը միջազգային կառույցների կամ այլ երկրների ներկայացուցչությունների մասին է, ապա վերջիններս իշխանություններից են ինչ-որ արձագանք ակնկալելու, Հերիքյանը պատասխանեց.

«Մենք տեսել ենք՝ իշխանություններն ինչ են արել. նրանք ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ սանտիմետր-սանտիմետր, կիլոմետր-կիլոմետր վերադարձի ժամանակացույցը շատ հստակ է, բայց մեզ համար խիստ կարևոր հարց՝ գերիների, անհետ կորածների, դիերի փոխանակման հարցն անորոշ է, որևէ ժամկետ սահմանված չէ, և երբ իշխանությունը ստորագրում է այդ հայտարարության տակ, մեծ լինեն սպասելիքները, թե՞ փոքր, պետք է ինչ-որ բան անել»,-ասաց նա:

Հարցին՝ Հերիքյանի կարծիքով՝ ինչու՞ այդ հարցով ժամկետներ կամ հստակեցումներ չկան, Հերիքյանն արձագանքեց. «Ես չունեմ պատասխան, որովհետև դա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, և ամեն օր մենք համոզվում ենք, որ այս իշխանությունների գործողությունները տրամաբանությամբ փորձել հասկանալը անիմաստ զբաղմունք է»:

Հարցին էլ՝ իր կարծիքով՝ երթն ապաքաղաքակա՞ն է, Հերիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ որքանով է ապաքաղաքական կամ քաղաքական: Ինքնին հանրահավաքի դուրս գալը, իմ կարծիքով, քաղաքական ժեստ է»:

Հիշեցնենք՝ արվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթով գնում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։

Մտավորականները նշում են, որ իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում, պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։