Հորդանանը դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը
Հորդանանը դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը` նախազգուշացնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի մասին, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Հորդանանի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Հորդանանի կառավարությունը կոչ է անում բոլոր կողմերին միավորել ջանքերը իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու և լարվածության նվազեցման նպատակով»,- հայտարարել է հորդանանցի դիվանագետը:
Ավելի վաղ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը դատապարտող հայտարարություններով հանդես էին եկել Սիրիան, Իրաքը, Քաթարը, Օմանը, ԱՄԷ-ն, Թուրքիան:
Իրանցի գիտնականը, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների և նորարարությունների կենտրոնը, սպանվել է նոյեմբերի 27-ին զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքից:
Իրանի հետախուզական ծառայություններն, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, տեղեկություն են ստացել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպիչների մասին: Իրանի տեկեկատվության նախարարությունը շեշտել է, որ ստացված տեղեկությունը կհրապարակեն ավելի ուշ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ գիտնականի սպանության գործում հետքը տանում է Իսրայել:
Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սպանությունը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզությունների հնարավոր ներգրավմամբ










