«Իսրայելի ներգրավվածության լուրջ նշաններ կան»․ Զարիֆը՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության կապակցությամբ միջազգային հանրությանը վերստին կոչ է արել հրաժարվել «երկակի չափորոշիչներից և դատապարտել պետական ահաբեկչության ակտը»։
«Ահաբեկիչները սպանել են իրանցի ականավոր գիտնականին։ Նման վախկոտ ակտը, որում Իսրայելի ներգրավվածության լուրջ նշաններ կան, վկայում է նրանց հուսահատ ռազմատենչության մասին։ Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես եվրոպական պետություններին, հրաժարվել իրենց երկակի չափորոշիչներից և դատապարտել պետական ահաբեկչության ակտը»,-Twitter-ում գրել է Զարիֆը։
Ավելի վաղ The New York Times թերթն ամերիկացի երեք պաշտոնյաներին հղումով հայտնել էր, որ սպանության հետևում կանգնած է Իսրայելը։
«Մի ամերիկացի պաշտոնյա՝ հետախուզության մյուս երկու աշխատակիցների հետ միասին, հայտարարել է, որ գիտնականի վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը»,- ասված է հոդվածում:
Թերթը նաև նշում է, որ «պարզ չէ՝ արդյոք Միացյալ Նահանգները նախապես տեղյակ է եղել այդ գործողության մասին»՝ շեշտելով, որ երկու երկրները մերձավոր դաշնակիցներ են և Իրանի վերաբերյալ վաղուց արդեն հետախուզական տվյալներ են փոխանակում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։










