Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ խախտումներ են գրանցվել, և որ դրանց մասին վկայող ապացույցներ ունի
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ ապացույցներ ունի ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ կատարված խախտումների վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
«Լրատվամիջոցները չեն խոսում այս մասին, բայց ես սեփական աղբյուրներից ստացված տեղեկատվություն ունեմ, և չեմ ասի` ինչ աղբյուրներից: Իսկապես, ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքեր են եղել»,- ասել է Բոլսոնարուն` միաժամանակ նշելով, որ վստահ չէ, թե այդ կեղծիքների դեպքերը որոշիչ ազդեցություն են ունեցել արդյուքների վրա:
Բրազիլիայի նախագահը ասել է նաև, որ առայժմ չի պատրաստվում շնորհավորել Բայդենին` չբացառելով, որ վերջնական որոշում կարող է կայացնել ԱՄՆ Գերագույն դատարանը:
Բոլսոնարուն բացահայտ աջակցություն է հայտնում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:










