«Դա կարող է լուրջ ապակայունացման հանգեցնել». Կրեմլն արձագանքել է Սանդուի՝ Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերման հայտարարությանը
Ստատուս քվոյի փոփոխությունը կարող է Մերձդնեստրում հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի՝ Մերձդնեստրից ռուս զինվորականների դուրսբերման մասին հայտարարությունը, գրում է ria.ru-ն։
«Ռուսաստանը շատ կարևոր գործառույթներ է իրականացնում, և, անշուշտ, ստատուս քվոյի փոփոխությունը, որը հիմնված է միջազգային իրավունքի ոգու և տառի վրա, կարող է լուրջ ապակայունացման հանգեցնել։ Մենք հույս ունենք, որ այս ամենը կքննարկվի և այդ ուղղությամբ որևէ կտրուկ քայլ չի արվի»,-նշել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Մերձդնեստրից խաղաղապահներին դուրս բերելու առաջարկը Մոլդովան և Ռուսաստանը նախապես չեն քննարկել:
«Դոդոնի հետ երկխոսությունը (Մոլդովայի գործող նախագահը) հիմա էլ շարունակվում է, բայց շատ ավելի կառուցողական է։ Մենք ակնկալում ենք, որ այդ կառուցողականությունը շարունակվելու է, որ այս առումով լինելու է որոշակի շարունակականություն, և որ մենք հաշվի կառնենք ցանկացած արմատական քայլերի հնարավոր բոլոր բացասական հետևանքները»,-հավելել է նա։
Ավելի վաղ, Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտնել էր, որ մտադիր է Մոսկվայի հետ քննարկել Մերձդնեստրից ռուս խաղաղապահների և զենքի դուրսբերման հարցը:










