Ղրղզստանի բարձրագույն դատարանը չեղարկել է նախկին նախագահ Աթամբաևի՝ 11 տարվա ազատազրկման վերաբերյալ վճիռը

17:27 • 30.11.20

Ղրղզստանի բարձրագույն դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ սահմանված 11 տարվա ազատազրկման մասին որոշումը և քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի գործը կրկին ուղարկել է հետաքննության: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են դատարանից:

«Երկու նախորդ ատյանների որոշումը չեղյալ է հայտարարվել: Գործն ուղարկվել է Պերվոմայսկի շրջանային դատարան` նոր քննարկման համար»,-ասել է դատարանի ներկայացուցիչը:

Հունիսի 23-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը Աթամբաևին դատապարտել  է 11 տարի 2 ամիս ազատազրկման՝ Բատուկաևին ազատ արձակելու գործում կոռուպցիայի համար: Օգոստոսի 14-ին Բիշքեկի քաղաքային դատարանը ուժի մեջ էր թողել այս որոշումը:

Բացի այդ, շարունակվում է մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռոու գտնվող Քոյ-թաշ գյուղում նախկին նախագահի կալանավորման ընթացքում զանգվածային անկարգությունների գործով դատավարությունը, որի շրջանակում Աթամբաևին կարող է սպառնալ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

2006 թվականին Բատուկաևը դատապարտվել էր 16 տարի 8 ամիս ազատազրկման ՝ Բիշքեկի արվարձաններից մեկում անկարգություններ կազմակերպելու համար: Անկարգությունների ընթացքում սպանվել են պատգամավոր Տինիչբեկ Աքմատբաևը, և ևս երեք մարդ: 2013 թվականին Բատուկաևը ազատվել է բանտից բժշկական հանձնաժողովի եզրակացության արդյունքում, որը նրան ախտորոշել էր վերջին աստիճանի արյան քաղցկեղ: Մի քանի ժամ անց նա  նոր անձնագիր էր ստացել և հեռացել էր երկրից: Հետաքննության համաձայն՝ նրա ազատման մեջ ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՝ նախկին նախագահ Աթամբաևը: Նրանք մեղադրվում են «կազմակերպված հանցավոր խմբի շահերին սպասարկող կոռուպցիա կազմակերպելու» համար:

Ղրղզստանի  ամենամեծ խորհրդարանական կուսակցության` սոցիալ-դեմոկրատների  առաջնորդ Աթամբաևը 2017 թվականի նախագահական ընտրություններից հետո  իշխանությունը փոխանցել է իր իրավահաջորդ ու մերձավոր դաշնակից Սորոնբայ Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահի թիմի անդամների դեմ: Աթամբաևը զրկվել է նախկին նախագահի կարգավիճակից և մեղադրվել է ծանր և հատկապես ծանր հանցագործությունների մեջ: Աթամբաևը բազմիցս հայտարարել է, որ իր և իր համախոհների նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: