Ռուսաստանը հաղթեց, Արևմուտքը պարտվեց. Փաշինյանը չպետք է հույսն արևմտյան տերությունների օգնության վրա դներ. համաշխարհային ԶԼՄ-ները՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

13:31 • 30.11.20

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո միջազգային լրատվամիջոցները շարունակում են ակտիվ քննարկել առկա հանգուցալուծումն ու տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը: Военное Обозрение կայքն ամփոփ ներկայացրել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշագրավ թեմատիկ անդրադարձերը:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն Էնն Սիմոնսի և Ռաջի Ադուլրահիմի հեղինակությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որում խոսվում է Անդրկովկասում ռուսական զորքեր մտցնելու երկակի հետևանքների մասին։

Ինչպես նշում են հոդվածագիրները, մի կողմից`Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կրակի դադարեցման հույս է ներշնչում, բայց մյուս կողմից էլ տարածաշրջանում նկատելիորեն կաճի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը։

Վերլուծաբանների համոզմամբ՝ ԼՂ-ում պատերազմի ելքը մեծացրեց Անդրկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի զգալի ամրապնդման հեռանկարները, քանի որ «ԼՂ պատերազմի վերաբերյալ մտածված քաղաքականության շնորհիվ Մոսկվային հաջողվել է բարեկամական հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»։

Հոդվածագիրների խոսքով՝ ստեղծված իրավիճակից մի շարք հետևություններ կարելի է անել․ նախ, առկա է ռուսական ռազմաքաղաքական գերիշխանության աստիճանական հաստատման զգալի ռիսկ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։

Երկրորդ՝ Ռուսաստանին հաջողվել է ցույց տալ թե՛ Անդրկովկասի երկրներին, թե՛ միջազգային հանրությանը, որ հետխորհրդային տարածքում նա է միակ դերակատարը, որը կարող է նման դեպքերում դադարեցնել արյունահեղությունը և հումանիտար աղետը:

«Շատ առումներով նման իրավիճակում մեղավոր է նաև Արևմուտքը, որը ոչ միայն չօգնեց Հայաստանին, այլև հրաժարվեց ընդհանրապես որևէ բան ձեռնարկել արյունահեղ պատերազմը դադարեցնելու համար։ Պարզվեց, որ նույնիսկ հակառուսական տրամադրվածություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չպետք է հույսը արևմտյան տերությունների օգնության վրա դներ։ ԱՄՆ-ն ԼՂ խնդրից առհասարակ երես է դարձրել, իսկ Ֆրանսիան սահմանափակվել է դեմագոգիկ հայտարարություններով, որոնք ոչ մի իրական գործողության չեն տանում»,- նշում են փորձագետները։

Ամերիկյան ևս մեկ Politico պարբերականը ԼՂ-ում պատերազմի ելքը դիտարկում է որպես առաջին հերթին Եվրոպայի աշխարհաքաղաքական պարտություն։ Ղարաբաղյան խնդրից եվրոպական երկրների հեռացումը հանգեցրեց և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի զգալի ուժեղացմանը, իսկ ահա Եվրամիությունը չկարողացավ իրեն դրսևորել որպես լուրջ քաղաքական դերակատար, նշում է թերթը։

Օքսֆորդի ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մարկ Օլմոնդը Telegraph պարբերականում գրում է, որ թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում, թե՛ Անդրկովկասում հակամարտությունների դեպքում շահառու են Ռուսաստանը և Թուրքիան, մինչդեռ Արևմուտքը լիովին պարտվել է և կորցրել իր ազդեցությունը:

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը ԼՂ-ում ռուսական զորքերի ներկայությունը դիտարկում է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միանշանակ հաղթանակ և գրում, որ այժմ ԼՂ ճակատագրի վերաբերյալ որոշումները, ըստ ամենայնի, կընդունվեն բացառապես Մոսկվայի կողմից։ Միևույն տեսակետն է արտահայտել նաև ֆրանսիական Le Point պարբերականը՝ ընդգծելով, որ իրականում ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ դեռ վերջակետ դրված չէ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։