ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի ռազմական հզորացման մասին՝ Ղարաբաղում և Բելառուսում իրավիճակների ֆոնին

23:46 • 30.11.20

Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում: Ինչպես փոխանցում է РБК-ն, նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում:

«Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է գործարկում, նոր ուժեր է տեղակայում Հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Ռուսական ռազմական ներկայության ուժեղացում ենք տեսնում նաև Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ճգնաժամերի արդյունքում»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Վերջինս նշել է, որ կայանալիք առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ի հնարավոր պատասխան քայլերը Ռուսաստանի ռազմական ակտիվության ընդլայնմանը:

Ստոլտենբերգը հայտարարել է նաև, որ շարունակում է մեծացնել իր ուժերը Սև ծովի տարածաշրջանում: «Տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում, այդ իսկ պատճառով մենք պետք է մեծացնենք մեր ներկայությունը Սև ծովի տարածաշրջանում և քննարկենք այդ հարցը մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ»,- հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: