Թուրքմենստանի նախագահը Բայդենին շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով թուրքմենական լրատվամիջոցների հայտարարություններին:
Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Աշխաբադը բարձր է գնահատում Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և մեծապես կարևորում է հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի պաշտպանության սկզբունքներով երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:
«Խորապես համոզված եմ, որ Թուրքմենստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամությունը, փոխըմբռնումը և շահագրգիռ գործընկերությունը հետագայում էլ կշարունակեն ամրապնդվել ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- շեշտել է Բերդիմուհամեդովը և Բայդենին առողջություն, երջանկություն և ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ընթացքում հաջողություններ մաղթել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:










