ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց (տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը և Շաքե Իսայանն այցելել են Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են:
Աբովյանը նշեց, որ իր տեղեկություններով ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում այս պահին գտնվում է 4 բերման ենթարկված քաղաքացի, իսկ բերման ենթարկվածների հիմնական մասը Նորքի բաժանմունքում են, և իրենք Կենտրոնի բաժանմունքից կուղևորվեն այնտեղ:
Ավելի ուշ Արման Աբովյանը հերթական ուղիղ եթերում հայտնեց, որ Նորքի ոստիկանական բաժանմունքում գտնվում է 23 բերման ենթարկված քաղաքացի: Նրա հաղորդմամբ՝ 21:00-21:30-ի միջակայքում բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին անում։ Մի խումբ քաղաքացիներ փակել էին Մաշտոցի պողոտան, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այնտեղ էին կուտակվել մեծ թվով ոստիկանական ուժեր:
Ոստիկանության ծառայողները ճանապարհը բացելու հրահանգավորում ստանալուց հետո, սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին:
Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Նրանք փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց:










