Ուրանի հարստացման մակարդակի բարձրացում մինչև 20% և ավելի. Իրանի խորհրդարանը Ֆախրիզադեի սպանությունից հետո հաստատել է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը

12:27 • 01.12.20

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը, Fars գործակալությանը հղումով գրում է ria.ru-ն։

Ավելի վաղ խորհրդարանականները որոշել էին քննարկել «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» անվանումով օրինագիծը: Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո կիրակի որոշում էր կայացվել արագացնել նախագծի քննարկումը։

Գործակալության տվյալներով՝ նախագծի ընդհանուր դրույթներին կողմ է քվեարկել 251 պատգամավոր։

Ենթադրվում է, որ խորհրդարանը կքննարկի նաև նախագծի առանձին դրույթներ։ Բացի այդ, օրենքի վավերացման համար անհրաժեշտ է Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում արտախորհրդարանական հատուկ մարմնի համաձայնությունը, որը ստուգում է օրինագծերը: Այդ ժամանակ օրենքը պարտադիր ուժ կունենա։

Օրինագիծը ենթադրում է ուրանի հարստացման մակարդակի բարձրացում մինչև 20 տոկոս և ավելի։ Ներկայում Իրանը միջուկային գործարքով նախատեսված 3,67% -ի փոխարեն ուրանը հարստացնում է 4%-ից բարձր մակարդակով։

Բացի այդ, օրինագիծը ենթադրում է Նաթանզում ուրանի հարստացման IR-2M ցենտրիֆուգների գործարկումը և Ֆորդոյի միջուկային օբյեկտում IR-6 ցենտրիֆուգների տեղադրումը, մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգների օգտագործում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։